BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գագիկ Ծառուկյանը՝ «իսկականների» ու «անիսկականների» միջև

Գագիկ Ծառուկյանը՝ «իսկականների» ու «անիսկականների» միջև
08.02.2017 | 00:52

Հայաստանի քաղաքական դաշտում իրադարձությունները դառնում են ողբերգական ու զավեշտալի միաժամանակ: «Ելքը», որ 2016-ի դեկտեմբերի 12-ին առաջինը հայտարարեց իր մասին, առայժմ մնում է միակ դաշինքը: Մյուս ենթադրյալ դաշինքները ոչ անուն ունեն, ոչ իրենց կազմն են պարզել: Ամենաողբերգական ու զավեշտալի վիճակում հայտնվել է Գագիկ Ծառուկյանը՝ բոլորը նետվում են նրա քաղաքական հովանու տակ, իսկ նրա համբերությունն ու հնարավորությունները ռեզինից չեն: Կիրակի օրը դաշինքի հուշագիրը պիտի ստորագրվեր, բայց հետաձգվեց: Երեկ հայտարարվեց, որ փետրվարի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԲՀԿ 9-րդ համագումարն է հրավիրվում։ Օրակարգի առանցքային հարցը ԲՀԿ նախագահի ընտրությունն է։ Այդ օրը համագործակցող ուժերը հուշագրր են ստորագրելու, որի հիման վրա էլ կստեղծվի «Ծառուկյան դաշինք»-ը։
Նախնական պայմանավորվածությամբ ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն, ՀՀՇ-ն ու «Միասնություն» համազգային շարժումը պիտի ստորագրեին հուշագիրը։ Բայց Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարեց. «Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից»։


Ահա այստեղ սկսվում է զավեշտը: Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում, որովհետև իրականում չգիտի՝ ու՞մ հետ ստորագրի հուշագիրը՝ ո՞րն ու ու՞մ է ներկայացնում ՌԱԿ-ը: Ու եթե «Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ և դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի և անհատների լայն դաշինք, որպեսզի խորհրդարանում հնարավոր լինի բարձրաձայնել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները», այս պարագայում սփյուռքն է դեմ։ Ծառուկյանի կոչին արձագանքել է Ռամկավար ազատական կուսակցության հայաստանյան կառույցը՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Ու սկսվել է ավանդական հայկական «քոչարին»՝ քայլ առաջ, երկու քայլ հետ:

ՌԱԿ-ի տարբեր թևեր և սփուռքյան կառույցներ սկսեցին հայտարարել, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի մտադրությունները: Բնական էր Գագիկ Ծառուկյանի ձեռնպահ մնալու որոշումը, բայց պատմությունը դրանով չավարտվեց:


Փետրվարի 7-ին Երևանում հրավիրված ասուլիսում ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Պլըքյանը հայտարարեց, որ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը որևէ կապ չունի ավանդական ՌԱԿ-ի հետ։ «Այս պահին նրանք մեզ հետ կապ չունեն, եղել է ժամանակ, երբ մենք աշխատել միասին, համագործակցել ենք, սակայն վերջին տարիներին ոչ մի համագործակցություն չկա, քանի որ նրանց կողմից եղել են աշխատանքային, գաղափարախոսական շեղումներ։ Մենք նրանց չենք կարող ասել՝ միանան կամ չմիանան այս կամ այն դաշինիքին։ Եթե նրանք ցանկանում են, կարող են միանալ «Ծառուկյան» դաշինքին։ Մեր հարցն այն է, որ հանդես չգան ավանդական ՌԱԿ-ի անունից։ Մեր կուսակցության 19 շրջանակներից միայն 3-ի անդամներն են, որ կողմ են արտահայտվել ՀՌԱԿ-ին աջակցելու հարցին»,- ասաց Լևոն Պլըքյանը։ Ու դեռ խոսքը չէր ավարտել, որ անակնկալ հայտնվեց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը ու հակադարձեց, որ իրենք կարող են օգտագործել ՌԱԿ-ի անունը, դրոշն ու զինանշանը և ոչ ոք չի կարող իրենց արգելել։

«Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար ունի իրավական բոլոր հիմքերն ընտրություններին մասնակցելու կամ այս կամ այն դաշինքին միանալու հարցում։ Դա մեր իրավասությունն է, դրսի կառույցները կարող են իրենց խոսքն ասել, սակայն որևէ բան արգելել չեն կարող»,- պնդեց Ավետիքյանը։ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Պլըքյանին մնում էր վերահաստատել, որ ՌԱԿ-ը մտադիր չէ ոչ դաշինքով, ոչ ուղղակի մասնակցել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին. «Մեր ասուլիսն ուղղված չէ որևէ անձի կամ դաշինքի դեմ։ Մենք ուրախ ենք, որ պարոն Ծառուկյանն արդեն անդրադարձել է կատարվածին՝ մերժելով դաշինքի մեջ ընդգրկել աշխարհասփյուռ ՌԱԿ-ը չներկայացնող ուժին։ Ողջունում ենք հայրենիքի մեջ տեղի ունեցող ամեն միջոցառում և շեշտում, որ ՌԱԿ-ն առայժմ քաղաքական կառույց չունի հայրենիքում և չի մասնակցի 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին»։ ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ պնդեց, որ ասուլիսը հրավիրած սփյուռքահայ գործիչները եկել են Սիրիայից, բայց այնտեղ էլ Ռամկավար ազատական կուսակցությունը իրավաբանորեն գրանցված չէ: «Հիմա առաջիկայում Լիբանանում ընտրություններ են` ես կարո՞ղ եմ այնտեղի կառույցին ասել ի՞նչպես մասնակցեն դրանց կամ մասնակցե՞ն, թե՞ ոչ: Կամ գրանցվեք Հայաստանում ու խոսեք իրավական տեսանկյունից կամ հայտնվեք դիտողի դերում»՝ ուսուցանեց Հակոբ Ավետիքյանը: Հետո նրանք երկար պարզում էին՝ ո՞վ է իրենցից իսկականը, ով՝ անիսկականը:


Քիչ էր ՀՌԱԿ-ՌԱԿ զավեշտը, ավելացան հնչակները: Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայտարարեց, որ միանում են «Ծառուկյան» դաշինքին ու դաշինքի հետ բանակցում են։ Բայց հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ էր: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ևս ասում է՝ բանակցությունները շարունակվում են, ավելին՝ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը 130-ամյա կուռ քաղաքական կազմակերպություն է՝ իր ամբողջական մասնաճյուղերով և միակենտրոն կառավարումով։ Երկրորդ՝ ֆեյք կառույցների հետ որևիցե տեսակի համաձայնություն բացառվում է՝ չի եղել, չի էլ լինելու։ Սա հստակ եմ ասում»։ Հիմա ի՞նչ անի խեղճ Գագիկ Ծառուկյանը: Առժամանակ ձեռնպա՞հ մնա նաև հնչակներից: Ի՞նչ է մնում տակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Սկանդալային էր երեկվա օրը՝ «իսկական« ու «անիսկական« ռամկավարներն ու հնչակները քիչ էին, Ծառուկյանին միացած ՀԱԿ-ից հեռացած Ալեքսանդր Արզումանյանը քիչ էր, Պարույր Հայրիկյանն էլ հայտարարեց. «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»: Ասուլիս հրավիրեց ու ասաց՝ Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվռտոց է գնում. «Անհասկանալի դանդաղկոտություն կա մեր դաշինքում: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել այդ դաշինքին: Միասնությունը ինքնանպատակ չի կարող լինել մեզ համար: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ դեպքում՝ ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը և կարող է հայտարարել, որ այլևս անելիք չունի այդ դաշինքում»:


Իսկ «գզվռտոցը» առաջինը Կարեն Անդրեասյանն էր բարձրաձայնել: Օսկանյանականները դեմ են Օհանյանի առաջինը լինելուն, Օսկանյանը փորձում է հարթել, Վիկտոր Դալլաքյանը անհետացել է ասպարեզից, ինչպես Սամվել Բաբայանը, Օհանյանն էլ չի զիջում՝ ով տալիս է փողը, նա էլ պատվիրում է երաժշտությունը:


Ու՝ ի՞նչ: Որևէ մեկի մտքով կանցնի՞, որ համատեղ, միասնական վարկաբեկում են կուսակցություն, դաշինք ու ընտրություն հասկացությունները:
Իսկ ԿԸՀ-ն սպասում է կուսակցությունների ու դաշինքների հայտերին: Երկրորդ օրն էլ՝ ապարդյուն:

Դիտվել է՝ 2301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ